Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սուրբ Աստվածածնի վերափոխումը

Սուրբ Աստվածածնի վերափոխումը
14.08.2009 | 00:00

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
«Վերափոխումն սուրբ Աստվածածնի». այսպես է կոչվում մեր ազգի ամենասիրված տոներից մեկը։ Եվ այս հոդվածն ընթերցողին է հրամցվում երկու նպատակով. նախ, որպեսզի մեր ժողովուրդը տեղեկանա այս տոնի ավանդական պատմությանը, և երկրորդ` դրանով վերստին նորոգվի դարերով արմատացած ու մեր ազգը պահպանած Տիրամոր բարեխոսական զորությունը։
Սկսենք առաջինից. վերոհիշյալ տոնը մեր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավարահարաց տոներից մեկն է, որը տոնվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է հիշատակվել դեռ հինգերորդ դարից։
Տոնակատարության պատմությունը քաղված է սրբերի վկայաբանությունների «Յայսմավուրք» գրքից.
«Մարիամ Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը, որը սուրբ Կույսին նաև Հիսուսի ծննդյան ավետիսն էր տվել, ու երկրպագելով Տիրամորը, ասում է. «Ուրախ եղիր, կանանց մեջ բերկրյալդ, որովհետև քեզ կանչում է մեր Արարիչը և քո Միածին Որդին», ու նրան է մեկնում բրաբիոնե պսակը` ամբողջովին հյուսված դրախտի ծաղիկներից։ Եվ, ինչպես ավանդությունն է պատմում. «Մարիամը բերկրեց ու հրճվեց հոգով, քանի որ իր սիրելի Որդու մոտ պիտի վերադառնար»։
Ավետիսը լսելուց հետո Տիրամայրը բարձրանում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, որտեղից երկինք էր համբարձվել իր կարոտյալ Որդին։ Այդ ճանապարհին բոլոր ծառերն ու տունկերը խոնարհվելով երկրպագություն էին անում իրենց Արարչի մորը։
Այդ աղոթքներից ու երկրպագություններից հետո կույս Մարիամի դեմքը ճառագում էր երկնային լույսով, ինչպես Մովսես մարգարեի մոտ, երբ նա իջավ Սինա լեռից` Աստծո ներկայության մեջ քառասուն օր մնալուց հետո։
Ապա Տիրամայրը կանչում է բոլոր ազգականներին ու բարեպաշտ կանանց և մեկիկ-մեկիկ հրաժեշտ տալիս նրանց։ Սքանչելի հրաշք էր այն, որ շուտով Սուրբ Հոգու զորությամբ մեկ առ մեկ հայտնվեցին բոլոր առաքյալները, բացի մեկից, որը նույնպես Տիրոջ նախախնամությամբ կատարվեց։
Բոլորը շատ տրտում էին, քանզի բաժանումը մոտ էր բոլորի սիրելիից, որի ներկայությամբ Տիրոջ կարոտն էին առնում։
Երբ երեկոյան բոլոր կանթեղները վառեցին, կույս Մարիամն անկողին մտավ` մոտալուտ մահվանը սպասելով։ Այդ պահին Հովհաննես առաքյալը մի կիպարիսե տախտակ է վերցնում ու, տալով Աստվածամորը, ասում է. «Մա՛յր սիրելի, տո՛ւր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ»։ Տիրամայրը, վերցնելով այն, խաչակնքում է և, իր դեմքին հպելով, արցունքով աղոթում է, միաժամանակ խնդրելով, որ այդ պատկերի միջոցով բժշկություններ լինեն բոլոր ցավերի դեմ։ Նույն պահին աննյութական ու լուսեղեն մի կամար գոյացավ Սրբուհու վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «ՈՒզածդ պիտի լինի, մա՛յր Իմ»։ Դրանից հետո Տիրամայրը Հովհաննեսին է վերադարձնում կիպարիսե տախտակը` վրան սուրբ Աստվածածնի անձեռագործ պատկերը (այս մասին տարակուսանքով չզարմանանք, այլ հիշենք, որ հայոց Աբգար թագավորին Հիսուսն ուղարկել էր Իր անձեռագործ պատկերը վարշամակի վրա, որի միջոցով բազում մարդիկ բժշկվեցին)։
Ամբողջ գիշեր Տիրամոր տանն աղոթքներով ու սաղմոսերգություններով անցկացրին, իսկ առավոտ ծեգին հանկարծ տունը լցվում է երկնային պայծառ լույսով` խիստ վախ պատճառելով ներկաներին։ Եվ հենց այդ պահին էլ սուրբ Կույսը զվարթ երեսով ավանդում է իր սրբասուրբ հոգին իր Միածնի ձեռքերի մեջ։
Բոլորը տեսնում են նրա լուսեղեն հոգու զատվելը մարմնից և ապշում կատարվածից։
ՈՒ, ինչպես գրում է վկայաբանության գիրքը, «Ո՞վ կարող է նկարագրել Աստվածամոր հոգու պայծառությունը, քանզի այն լույսից առավել սպիտակ էր և մարդու ամբողջական պատկերն ու տիպարն էր կրում, առանց արուի և էգի հատկանշական տարբերությունների, նման տասնհինգամյա պատանու»։
Ականատես առաքյալները զարմացած հարցրին Տիրոջը. «Ո՞վ կարող է Քո անարատ Մոր պայծառ հոգուն նմանվել»։ Տերը պատասխանում է. «Բոլոր մարդկանց հոգիներն ի սկզբանե այդպես պայծառ ու մաքուր ստեղծեցի, ճիշտ նման մորս հոգուն, որ ցույց տվեցի ձեզ, բայց մեղքը սևացնում ու ապականում է այն»։
Ավանդությունը նաև պատմում է, որ Անարատ Կույսի մարմինը երկնային անուշահոտություն էր տարածում շուրջբոլորը։
Աստվածածնի մարմինը պատանելով` առաքյալներն իրենց ուսերին դրած տանում են Գեթսեմանիում պատրաստված գերեզմանը և դնում այնտեղ։
Երեք օր շարունակ Տիրամոր գերեզման այցելողներն այն լույսով ողողված էին տեսնում ու լսում հրեշտակների փառաբանության երկնային մեղեդին։
Երեք օր հետո, առավոտյան, անմարմին զորքերի մի բանակ իջավ երկնքից, իրենց առաջնորդ ունենալով Տեր Հիսուս Քրիստոսին, որը լուսափայլ ամպով կանգնեց սուրբ Կույսի գերեզմանի վերևում։ Հրեշտակները, վերցնելով երանելի մարմինը, տանում են դեպի ամպը` Միածնի մոտ։ Եվ Տերը, միավորելով Իր սուրբ Մոր անարատ մարմինը նրա հոգու հետ, վերանում է երկինք ու այնտեղ նստեցնում Իր սիրելի Մորն Իր փառքի աթոռի աջ կողմում։
Իսկ ուշացած առաքյալը` Բարդուղիմեոսը, խիստ վշտացած, որ չկարողացավ ինքն էլ հրաժեշտ տալ Տիրամորը, մխիթարվում է նրանով, որ իրեն է տրվում Աստվածածնի անձեռակերտ պատկերը, որ հետը տանի այն երկիրը, ուր պետք է գնար քարոզելու։ Եվ այդ երկիրն Աստծո նախախնամությամբ դարձավ Հայաստանը։
Ահա, սիրելի հայորդի ընթերցող, դու էլ իմացար, թե ինչպիսի մեծ ողորմություն է արել մեր Տերը, որ սուրբ Աստվածամոր պատկերին արժանացանք մենք, քանի որ երկու դար անց պետք է դառնայինք առաջին քրիստոնյա պետությունը համայն ազգերի մեջ։ Բայց եկեք ճշմարտությամբ խոստովանենք, որ հիմա, ըստ Տիրոջ խոսքի, առաջիններից հետինն ենք դարձել մեր ոչ քրիստոնեավայել վարքով ու բարքով։
Եվ թող սուրբ Աստվածածինը բարեխոսի Իր Միածնի մոտ, որ մեզ Իր անբավ ողորմությամբ օգնի հետիններից նորից առաջինը դառնալու։
Եվ որպես վերջաբան. բուն տոնակատարությունը կիրակի օրն է` օգոստոսի 16-ին։ Իսկ երկուշաբթի` օգոստոսի 17-ին, ննջեցյալների հիշատակման տոնն է։ Խնդրենք Տիրամոր բարեխոսությունը մեր բոլորի ննջեցյալների հոգու խաղաղության համար։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7519

Մեկնաբանություններ